Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Իրատեսական եմ համարում Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը»

«Իրատեսական եմ համարում Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը»
11.09.2015 | 00:50

Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցն անհավանական չի համարում։ «Իրատեսական եմ համարում Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը։ ՀՀ վարչապետն առաջիկայում Չինաստանում իր գործընկերոջ հետ քննարկելու է այդ երկաթգծի շինարարության ֆինանսավորման հարցը»,- ասել է Վիկտոր Ռեբեցը՝ երկաթուղային տրանսպորտի անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստից հետո լրատվամիջոցներից մեկի հետ զրույցի ժամանակ՝ ընդգծելով այս երկաթուղու կարևորությունը Հայաստանի համար։ Եթե վերհիշենք այս երկաթուղու կառուցման հարցում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի արդեն նախկին նախագահ Վլադիմիր Յակունինի հոռետեսական մոտեցումը, ում համոզմամբ այս ծրագիրը դատապարտված է թե՛ ֆինանսական միջոցներ ձեռք բերելու, թե՛ հետագայում կառուցված երկաթգիծը շահագործելու առումով, ապա Վիկտոր Ռեբեցի տեսակետը հետաքրքիր եզրահանգումների տեղիք է տալիս։
Գաղտնիք չէ, որ ցանկացած հիմնարկի ղեկավար, միջազգային ծրագրեր գնահատելիս, ելնում է առաջին հերթին իր պետության շահերից և հրահանգներից։ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն այս առումով բացառություն չէ։ Կառույցի գլխավոր տնօրենի հնչեցրած ցանկացած գնահատական ինքնաբուխ չէ, ինչը շատ տրամաբանական է։ Հետևաբար, պարոնայք Յակունինի և Ռեբեցի իրարամերժ մոտեցումները Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման շուրջ ևս պատահականություն չեն, մեծ քաղաքականությունում պատահականություններ գրեթե չեն լինում։
Եվ այսպես, Վլադիմիր Յակունինը հայտարարում էր, որ Իրան¬Հայաստան երկաթուղին չի կառուցվի և գործնականում չի աշխատի, նա իր այս տեսակետը պայմանավորում էր ֆինանսների սղությամբ և Հայաստանին սահմանակից երկրների գործոնով։ Այսօր Հայաստանի հարևանները չեն փոխվել, և «մեծ» փողեր էլ չկան, սակայն փոխվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ¬ի պաշտոնական դիրքորոշումը ծրագրի իրականացման առնչությամբ։ Սրանից պետք է ենթադրել, որ Իրան¬Հայաստան երկաթուղու կառուցման հարցում շեշտակի փոփոխություն է կատարվել Ռուսաստանի ղեկավարության դիրքորոշման մեջ, ինչն արդեն վատ նորություն չէ։ Մնում է ապահովել անհրաժեշտ ներդրումները։ Պատահական չէ, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրենը իր խոսքում շեշտել էր ՀՀ վարչապետի հանդիպումը Չինաստանի վարչապետի հետ։ Նշենք, որ Պեկինը, իսկապես, հետաքրքրված է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրով, քանի որ այն շահավետ կարող է լինել նաև Չինաստանի համար։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1346

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ